Դաշնակցականների ու իշխանության հրապարակային աղմկահարույց հակամարտության պայմաններում հազիվ թե Հայաստանում ուշադրության արժանանար Ռուսաստանում տեղի ունեցած մի երևույթ-իրադարձություն, որը դարձել էր ռուսաստանյան հասարակության ու լրատվատարածքի քննարկման առաջնակարգ թեմաներից մեկը: Խոսքը վերաբերում է յոթ տարի եվրոպական մի քանի երկրներում ապաստանած ռուս մի ընտանիքի վերադարձին Ռուսաստան՝ հայրենի Խաբարովսկ: Ո՞րն էր խնդրի էությունը: Մայրը հոգեկան խանգարումների պատճառով տևական ժամանակով հայտնվել էր հիվանդանոցում: Եվ մեծագույն դեմոկրատ, գթասիրտ, գերմարդասեր «ստամբուլական» եվրոպացիները, անսեթևեթ անտեսելով հոր՝ Դենիս Լիսովի կամքը, նրանց երեք անչափահաս աղջիկներին նվիրաբերել էին... լիբանանցի ներգաղթյալ մուսուլման մի ընտանիքի: Մեծ դժվարությամբ, հաղթահարելով բազում իրավաքաղաքական խութեր, Լիսովին այնուամենայնիվ հաջողվել էր իր աղջնակներին փրկել երեխաների իրավունքների պաշտպանության եվրոպական ճիրաններից և ընտանիքով ճողոպրել բարոյապես հետևողականորեն դիմազրկվող աշխարհամասից:
Ապշեցնում է տակավին քրիստոնյա կոչվող եվրոպացու բարոյաքաղաքական մտքի այս նոր հզոր թռիչքը: Եթե առաջ խլված երեխաներին հանձնում էին տեղացի տարաբնույթ «չբեր» ընտանիքներին, ապա նոր պայմաններում արդեն հարստացնում-բազմացնում են մայր ցամաքում օրինականորեն թե ապօրինի բնակվող մուսուլմանական հանրությունը: Մեղա՜ քեզ, քրիստոնյա Տեր Աստված: Լիսովի երեխաները սարսափով ու լացով էին վերհիշում այն ծանր զգացումները, որ վերապրել էին իրենց համար միանգամայն խորթ ու անընդունելի այլակրոն միջավայրում:
Որ գերարդիական Եվրոպայում երեխաների առգրավման ու այլ ընտանիքների հանձնելու պրակտիկան սովորական երևույթ է, հայտնի է բոլորին: Նորվեգաբնակ մի ռուս կին, բախվելով նույն խնդրին, հեռուստատեսությամբ պատմում էր, որ այդ երկրում բանը հասել է այնտեղ, որ որդեգրել ցանկացողները կարող են նույնիսկ պատվիրել երեխայի՝ իրենց նախընտրած «տեսակը», ասենք, պիտի լինի կապուտաչյա, գանգրահեր, սպիտակամաշկ և այլն: Եվ ոստիկանության համար ոչ մի դժվարություն չի ներկայացնում փնտրել-գտնել այդօրինակ էակի ու չնչին պատրվակով կամ առանց դրա երեխային ծնողազրկել ու հանձնել ուրիշներին: Ոչինչ ներանձնական, ընդամենը շահութաբեր բիզնես:
Սակայն ինչու այս անգամ աննախադեպ էր Ռուսաստանի իշխանությունների, լրատվամիջոցների ուշադրությունը մեկ ընտանիքի վերադարձի առիթով: Ենթատեքստերը քիչ չեն, սակայն գլխավորը թերևս մեկն է: Բանն այն է, որ այդ օրերին պատահական զուգադիպությամբ հրապարակվեցին երկրի ժողովրդագրական իրավիճակի վերջին պաշտոնական վիճակագրական տվյալները: Եվ եթե դեռ վերջերս հետխորհրդային անկախացած քրիստոնեական հանրապետությունների մեջ Ռուսաստանը միակն էր, որ տակավին բնակչության աճ ուներ, ապա անցյալ տարվանից այս երկիրն էլ է գրանցել բացասական արդյունք այդ ասպարեզում: Ռուսաստանի բնակչության ընդհանուր քանակը 2019 թվականի հունվարի մեկի տվյալներով կազմել է 146,7 միլիոն մարդ: Եվ անցած տարում այդ թիվը կրճատվել է 93,5 հազար մարդով (0,06 %): Ինքնին հասկանալի է, որ քանակը չէ այստեղ կարևորը, այլ միտումը: Մահացածների թիվը ծնվածների թվին գերազանցել է 1,3 անգամ: Արդեն չի օգնում նույնիսկ ներգաղթի հոսքը, որը մինչ այդ փոխհատուցում էր բնակչության բնական կորուստը:
Չհոգնեցնենք ընթերցողներին այլ թվերով ու տոկոսներով: Հիշեցնենք, որ մի առիթով ներկայացրել էինք նախկին խորհրդային հանրապետությունների ժողովրդագրական իրավիճակի վերաբերյալ վիճակագրական տվյալներ, ըստ որոնց եթե Խորհրդային Միության գոյության տարիներին բոլոր հանրապետություններում բնակչության աճը բնորոշվել է դրական ցուցանիշներով, ապա գերտերության քայքայումից հետո անկախացած բոլոր քրիստոնեական հանրապետություններում այդ առումով միայն բացարձակ կորուստներ են արձանագրվում այն դեպքում, երբ նորանկախ մուսուլմանական հանրապետություններում լրիվ հակառակ երևույթն է նկատվում: Ընդ որում, նույն ժողովրդագրական ճգնաժամի մեջ մտնող Ռուսաստանն աչքի է ընկնում նաև մի յուրահատկությամբ. բնակչության կորուստը գլխավորապես բնորոշ է ռուսներին, երկրի մուսուլմանական տարածաշրջաններում նման խնդիր գոյություն չունի: Ինչպես բազմանում էին, այնպես էլ շարունակում են բազմանալ:
Պարզ է դառնում, թե ինչու էին ռուսները այս կոնկրետ պարագայում այդքան լայնորեն ներկայացնում մոլորված ռուս ընտանիքի պատմությունը: Մեկ միավորն էլ է արդեն հաշվի առնվում: Խաբարովսկում տեղի իշխանություններն իրենց վրա էին վերցրել Լիսովի ընտանիքի բոլոր սոցիալական հարցերի լուծումները:
Հայաստանում հայտարարում են, որ մեր երկրում արտագաղթի տեմպերը նվազել են: Ցավալի է, որ այն դեռևս չի հաջողվում կանգնեցնել: Եվ եթե 146-միլիոնանոց տերության ղեկավարությունն է մտահոգվում-կարգավորում վերադարձող մեկ ընտանիքի խնդիրը, ապա կարելի է պատկերացնել, թե մեր փոքր երկրում ազգապահպանական առումով ինչքան հրատապ կարող է լինել ուշադրությունը հայրենադարձվող յուրաքանչյուր ընտանիքի հանդեպ:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա